Рубрика: 2020-2021 գրականություն, Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացին հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա է։ Ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում, Վանա լճի հարավային ափերին գտնվող Նարեկ գյուղում 951 թվականին: Մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Անանիա Նարեկացու մոտ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։

Ուսումը ստանալուց հետո Գրիգորը նույն Նարեկա վանքում դարձել է վանական, ստացել վարդապետի աստիճան և զբաղվել մանկավարժությամբ ու գրական աշխատանքներով։ Այդ ժամանակ էլ ստանում է Նարեկացի անունը։ Հիմա նա համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր և Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում Մատյան ողբերգության չափածո աղոթքների ժողովածուն, որը հայտնի է նաև «Նարեկ» անունով։ Պոեմը թարգմանվել է աշխարհի շուրջ 30 լեզուներով։

Հայտնի է նաև, որ մեծ հռչակ վայելող Նարեկացին ունեցել է նաև թշնամիներ՝ հոգևոր դասի բարձր շրջաններից։ Նա ինչ–ինչ պատճառներով մեղադրվել և անգամ հոգևոր դատարան է կանչվել։ Ենթադրվում է, որ Նարեկացին հալածվել է թոնդրակյանների աղանդին պատկանելու կամ հարելու համար, և գրել է մի թուղթ, որտեղ դատապարտում է թոնդրակեցիներին։

Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ եղել է սրբազան ուխտատեղի՝ շրջակա հայ բնակչության համար։Ըստ ավանդության՝ Նարեկացին ճգնել է ներկայումս իր անունը կրող քարայրում։

2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։