Рубрика: 2020-2021 գրականություն, Պարույր Սևակ

Պարույր Սևակ

Պարույր Սևակը հայ ականավոր բանաստեղծ, գրականագետ, մշակութային և քաղաքական գործիչ և թարգմանիչ էր։ Ծնվել է 1924 թվականին Արարատի մարզի Չանախչի գյուղում։ 

1940 թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որն ավարտում է 1945թ.-ին: Նույն թվականին ընդունվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան` հայոց հին գրականության մասնագիտությամբ:
Համալսարանական և ասպիրանտական ուսուցման տարիները վճռական նշանակություն են ունենում Պարույր Սևակի հայացքների և իմացությունների ձևավորման գործում: Նա կարդում է համաշխարհային գրականության դասականներին, առավելապես նախասիրում Պուշկինի, Լերմոնտովի, Ուիտմենի, Հայնեի, Բլոկի, Մայակովսկու, Լորկայի, Էլյուարի բանաստեղծական արվեստը, տառացինորեն կլանում հայ քնարերգությունը` Նարեկացուց մինչև Դուրյան և Թումանյան, Սիամանթո և Վարուժան, Տերյան ու Չարենց: Ապա ուսումնասիրում է փիլիսոփայություն և պատմագիտություն, մասնագիտանում հայագիտության մեջ, ունկնդրում գիտական մտքի հայտնություններին:
Այս տարիներից էլ Սևակի ստեղծագործական հակումները դրվում են երկու սկզբի վրա` բանաստեղծ և գիտնական:

1951 թվականին Պարույր Սևակը մեկնում է Մոսկվա, սովորելու Մ. Գորկու անվան գրկանության ինստիտուտում: Ավարտելով այն, նա 1957-1959 թվականներին աշխատում է նույն ինստիտուտում որպես գեղարվեստական թարգմանության ամբիոնի դասախոս: Այդ տարիներին հարստանում են բանաստեղծի աշխարհըմբռնումները, ընդլայնվում նրա տեսահորիզոնն ու կյանքի ճանաչողությունը: Արդեն լուրջ վաստակի տեր և լայն ճանաչում ստացած, Սևակը 1960 թվականին վերադառնում է Երևան: Սկսվում է գրական, գիտական ու հասարակական գործունեության արգասավոր ու բովանդակալից մի շրջան: Աշխատում է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, որպես գիտաշխատող, վարում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարի պաշտոնը, 1967 թվականին պաշտպանում է դիսերտացիա և ստանում բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Նրա մեքանան բախվել է գյուղական ճանապարհով անցնող կաթ տեղափոխող մեքենային։