Рубрика: 2020-2021 գրականություն, Սայաթ- Նովա

Սայաթ- Նովա

Հայ գրականության ինքնատիպ ու հանճարեղ անուններից է Սայաթ-Նովան։ Նա սիրո և իմաստության երգիչ է: Ծնվել է 1722 թ., իսկական անունն է Հարություն Կարապետի Սայադյան: Սայաթ-Նովա աշուղական կեղծանունը պարսկերենից թարգմանած նշանակում է երգի որսորդ: Սայաթ- Նովան ինքն իրեն համրում էր «խալխի նոքար», այսինքն՝ ժողովրդի ծառա:

Դեռևս անհիշելի ժամանակներից ժողովուրդների մեջ մեծ սեր են վայելել իրենց սեփական երգ ու նվագով հանդես եկող երգիչները` աշուղները: Նրանք ոչ միայն գրում էին երգի բառերն ու երաժշտությունը, այլև իրենք էլ կատարում էին այդ երգերը որևէ երաժշտական գործիքի նվագակցությամբ: Սայաթ-Նովայի գործիքը քամանչան էր, որը նա գովերգում է իր խաղերից մեկում («Ամեն սազի մեչըն գոված») և համարում լավագույնը բոլոր նվագարանների մեջ:

Աշուղների երգերի հիմնական թեման սերն է. սերը կնոջ նկատմամբ, սերը արդարության, ճշմարտության, բարու և գեղեցիկի նկատմամբ: Սայաթ-Նովայի ստեղծագործությունը հայ գրականության մնայուն արժեքներից է, անցած դարերը չեն կարողացել հնացնել այն: