Рубрика: Հայոց պ.

Վան Գոգ

Վինսենթ Ուիլլեմ վան Գոգը հոլանդացի նկարիչ է, որը ծնվել է մարտի 30-ին 1853թ,պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ է։ Համարվում է արևմտյան արվեստի պատմության ամենանշանավոր ու ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Ընդամենը տասը տարվա ընթացքում նա ստեղծել է արվեստի մոտ 2.100 գործ, այդ թվում` 860 նկար յուղաներկով. դրանց մեծ մասը նկարիչը ստեղծել է իր կյանքի վերջին երկու տարիներին: Նկարները դիմանկարներ են, նատյուրմորտներ, ինքնադիմանկարներ, որոնք բնորոշվում են համարձակ գույներով, դրամատիզմով, արտահայտչականությամբ, ինչը նպաստել է ժամանակակից արվեստի սկզբունքների հաստատմանը: Վան Գոգի ինքնասպանությունը 37 տարեկան հասակում հետևանք է եղել հոգեկան հիվանդության ու աղքատության։ Ծնված լինելով միջին դասից բարձր ընտանիքում` Վան Գոգը նկարել սկսել է մանկությունից, եղել է լուրջ, հանգիստ ու մտածկոտ երեխա: Երիտասարդ տարիքում աշխատել է արվեստի գործերի վաճառող, հաճախ ճամփորդել, սակայն դեպրեսիայի մեջ է հայտնվել, երբ նրան տեղափոխել են Լոնդոն: Նա հետաքրքրություն է դրսևորել կրոնի հանդեպ` որպես բողոքական հոգևորական հանդես գալով Բելգիայի հարավում: Նկարիչը եղել է միայնակ ու հիվանդ, նախքան կսկսեր գեղանկարչությամբ զբաղվել 1881 թվականին, երբ տուն է վերադարձել ծնողների մոտ: Նրա կրտսեր եղբայրը` Թեո վան Գոգը, նրան աջակցել է ֆինանսապես. եղբայրները նամակագրական երկարատև կապ են պահպանել: Վան Գոգի վաղ շրջանի նկարները, որոնք հիմնականում նատյուրմորտներ են և գյուղացիների պատկերներ, քիչ են աչքի ընկնում վառ գունավորմամբ, ինչն առավել բնորոշ է ուշ շրջանին: 1886 թվականին նկարիչը տեղափոխվել է Փարիզ, որտեղ հանդիպել է ավանգարդի ներկայացուցիչների հետ, այդ թվում` Էմիլ Բեռնարի, Պոլ Գոգենի, որոնք անտարբեր չէին իմպրեսիոնիստների արտահայտչականության ու զգացմունքայնության հանդեպ: Իր աշխատանքի ընթացքում Վան Գոգը նոր մոտեցում է ցուցաբերել նատյուրմորտի ու տեղի բնապատկերների նկատմամբ. նրա նկարները ձեռք են բերել վառ գույներ, քանի որ նա նոր ոճ է մշակել 1888 թվականին Ֆրանսիայի հարավում գտնվող Առլ քաղաքում հայտնվելով: